Գարեգին Նժդեհի եղբոր դուստրն անօթևան է․ նա ապրում է դրսում՝ նախագահի նստավայրի դիմաց (լուսանկարներ)
Վերջին օրերի ընթացքում ամենաքննարկվող թեմաներից է Գարեգին Նժդեհի հուշարձանի հանման հարցը, որը քննարկվում է Ռուսաստանում։ Սոցիալական ցանցերում ու մամուլում շրջանառվում են տարբեր լուրեր, ըստ որոնց Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայում անցյալ շաբաթ կայացած քննարկման ժամանակ մի շարք ռուս քաղաքագետներ քննարկել են, որ Հայաստանն այն երկրների թվում է, որտեղ մինչ օրս կան ֆաշիզմի հանցակիցների արձաններ։
Ռուսական իշխանությունների կողմից Գարեգին Նժդեհի շուրջ ստեղծված բացասական քննարկումներն ու խոսակցությունները վերջին շրջանում շատ ակտուալ են դարձել։ Այն, որ ռուսական իշխանությունները կարող են բացասական վերաբերմունք ունենալ Նժդեհի նկատմամբ՝ տրամաբանական է, բայց այն, որ Բաղրամյան 26-ի դիմաց՝ փողոցում, կարող է ապրել Գարեգին Նժդեհի եղբոր դուստրը՝ Էմմա Սահակյանը, դա արդեն աբսուրդային է։
Տիկին Էմման բնակվում է նախագահի նստավայրի դիմաց՝ մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանի բացօթյա ծածկի տակ։ Գեղեցիկ հարդարած մահճակալի գլխավերևում էլ փակցված է գրությունը, որտեղից էլ տեղեկանում ենք, որ արդեն 5 ձմեռ է, ինչ Նժդեհի եղբոր դուստրը գիշերում է փողոցում, ով դարձել է անարդարության ու անտարբերության զոհ։
Տիկին Էմման տարածքում չէր, և NEWSPRESS.am-ի թղթակիցը զրուցեց շրջակայքում աշխատող կանանց հետ, ովքեր ճանաչում էին կնոջը։ Չնայած խոսակցություններին, թե իբր տիկին Էմման Նժդեհի դուստրը չէ, կանայք հաստատեցին, որ տիկին Էմման իրոք Գարեգին Նժդեհի եղբոր դուստրն է։
Նրանց խոսքով՝ կինն առողջական խնդիրներ ունի և վերջին շրջանում նրան քիչ են տեսնում։ Կինն անարդարության հետևանքով արդեն 5 տարի է, ինչ ապրում է դրսում՝ նախագահի նստավայրի դիմաց։ Կանայք հավելեցին նաև, որ տիկին Էմման մի քանի անգամ նստացույց է արել հենց նախագահականի դիմաց, սակայն այդ ամենին ոչ ոք ուշադրություն չի դարձրել։
Հասարակությունը դատապարտում է Նժդեհի նկատմամբ ռուսական իշխանությունների բացասական վերաբերմունքը, իշխանությունները շարունակում են ցիտել Գարեգին Նժդեհին, իսկ Բաղրամյան 26-ի դիմաց արդեն 5 տարի է, ինչ գիշերում ու ապրում է Գարեգին Նժդեհի եղբոր դուստրը՝ Էմմա Սահակյանը։