Թուրքական ավիահարվածներից վնասվել է Ային-Դարա պատմամշակութային կոթողը
Թուրքական օդուժի ավիահարվածների հետևանքով լրջորեն վնասվել է Սիրիայի տարածքում գտնվող Ային-Դարա պատմամշակութային կոթողը։ Այդ մասին հաղորդում է BBC լրատվական գործակալությունը:
Կոթողը գտնվում է քրդերի կողմից ղեկավարվող Աֆրինից քիչ հեռու: Տաճարը կառուցվել է մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակում՝ արամեացիների կողմից:
Հիշեցնենք, որ արդեն 9-րդ օրն է, ինչ թուրքական զորքերը սիրիացի ընդդիմադիր ուժերի հետ գրոհում են Աֆրինի վրա՝ նպատակ ունենալով այնտեղից հեռացնել քրդերին:
Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների պաշտպան սիրիական մոնիթորինգի» կենտրոնի փոխանցմսմբ թուրքական ուժերի ավիահարվածների արդյունքում առնվազն 50 խաղաղ բնակիչ է զոհվել: Տեղեկացվում է նաև տասնյակ քուրդ զինյալների և յոթ թուրք զինվորների մահվան մասին: