Քանդված Արամի փողոցում մնացած 3 ընտանիքի ճակատագիրն անորոշ է (լուսանկարներ)
Արդեն մի քանի տարի է, ինչ կամաց-կամաց քանդում են Արամի փողոցի հին տներն ու շենքերը: Ամիսներ առաջ քանդեցին Արամ Մանուկյանի տան հարևանությամբ գտնվող տները: Հիմա Արամի փողոցում գրեթե ոչինչ չի մնացել: Փողոցում մնացել է 3 ընտանիք, որոնց ճակատագիրն անորոշ է: Նրանք չգիտեն, թե որտե՞ղ են ապրելու, ի՞նչ պայմաններում: Պետությունն իրենց ի՞նչ բնակարան է տալու: Արդյո՞ք կմնան իրենց հին ու գեղեցիկ բնակարանները, թե դրանք նույնպես կարժանանան մյուսների ճակատագրին:
Փողոցում մնացել է 3 ընտանիք, ովքեր ապրում են մեկ բակի տակ: Մյուս ընտանիքները ստացել են գումար կամ բնակարան և հիմա ապրում են այլ տեղում:
Ջուլիետա Մկրտչյանն Արամի փողոցում մնացած մի քանի բնակիչներից մեկն է, ով 1955 թվականին ծնվել ու ապրում է այս փողոցում: Ցավով է հիշում, թե ժամանակին ինչ ակտիվ ու գեղեցիկ փողոց էր: Հիշում է, որ այստեղ 70-80-ականներին ապրում էին մոլոկաններ, հիշում է սամովարից դուրս եկող անուշահամ թեյի հոտն ու Մարգարյան հիվանդանոց եկող մարդկանց: Հիշում է, որ այս տարածքում էր ապրում Ասքանազ Մռավյանը, որի տունը նույնպես քանդեցին: Հիշում է ու ափսոսում, որ Արամի փողոցն այլևս չկա:
NEWSPRESS.am-ի հետ զրույցում Ջ. Մկրտչյանն ընդգծեց, որ այս բակում հիմա կա 3 ընտանիք, սակայն ժամանակին այս տարածքում մոտ 10 ու ավելի ընտանիք էր ապրում:
«Հիմա փողոցի մասին խոսելից ապրում ենք հիշողություններով, քանի որ անցյալի հետ մեզ միայն կապում են այդ ամենը: Մենք խաղում էինք այս փոքրիկ բակում ու փողոց շատ քիչ էինք դուրս գալիս, քանի որ 60-70-ականներին Արամի փողոցը քաղաքի ամենաբանուկ փողոցներից մեկն էր»:
Տիկին Ջուլիետան չի պատկերացնում, թե ինչպես է լինելու այս 3 ընտանիքի ճակատագիրը, քանի որ ոչ մի հստակ առաջարկ չեն ստացել:
«Մի քանի անգամ եկել են ու ասել, թե ի՞նչ ենք ուզում: Մենք էլ լսեցինք, թե իրենք ինչ են տալիս: Մեկ անգամ առաջարկեցին շենք ու գումար, որ վերականգնենք այդ շենքը, բայց մենք չհամաձայնվեցինք: Մեկ անգամ էլ առաջարկեցին կիսակառույց շենքում բնակարան, իսկ շենքը գտնվում է Նորք Մարաշում: Մենք երբեք չենք թողնի կենտրոնի տունն ու գնանք քաղաքի ծայրամասը: Տարին նոր է սկսվել, ու մի քանի օրից նորից կգան: Մենք կհամաձայնվենք միայն այն ժամանակ, երբ տան բնակարանին համարժեք գումար»:
Տիկին Ջուլիետան ու մյուս ընտանիքները դեռ սպասում են, թե որտե՞ղ են անցկացնելու այս նոր՝ 2018 թվականը: Ընտանիքներն սպասում են, իսկ տնակների հարևանությամբ աշխատում է ծանր ու հզոր տեխնիկան, որի փորած խորը փոսն սկսվում է տնակների հիմքից: