Բացվելու է գեղանկարչուհի Արմինե Թումանյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 14:00-ին ՄԱԿ-ի գրասենյակի շենքի առաջին հարկում տեղի կունենա գեղանկարչուհի Արմինե Թումանյանի անհատական ցուցահանդեսը՝ «Հավերժ ճամփորդ» վերտառությամբ:
Ներկայացվելու են գեղանկարչուհու տարբեր տարիների աշխատանքները, որոնց թվում՝ «Աշխարհի կանայք» շարքը՝ նվիրված տարբեր ազգերի կանանց, նաև գեղանկարների շարք՝ նվիրված հայկական դիցաբանությանը:
NEWSPRESS.am-ի հետ զրույցում Արմինե Թումանյանը նշեց, որ «Աշխարհի կանայք» շարքը ստեղծել և անվանել է «Հավերժ ճամփորդ»՝ որպես հիշողություն իր այն օտարազգի ընկերուհիների, որոնց հետ ծանոթացել, շփվել է Հայաստանում. նրանց ամուսինները հիմնականում եղել են դիվանագետներ:
«Իրենց կյանքը մշտապես տեղափոխություն է և ճանապարհորդություն: Համադրելով երկու տարբեր թեմա՝ հայկական դիցաբանական և կանանց նվիրված շարքերը՝ ընդհանրացրել եմ այս երկու թեման, որոնք մնացել եմ իմ հուշերում նրանց հետ ունեցած իմ մտերմությունից»,- նշում է գեղանկարչուհին:
Նշենք, որ գեղանկարչուհին մշտապես մասնակցել և մասնակցում է տարբեր խմբակային և անհատական ցուցահանդեսների՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:
Արմինե Թումանյանի ստեղծագործությունների լեյտմոտիվը մարդն է՝ բնության ներդաշնակության մեջ, Հայաստանի ակունքները և ներկան, կանանց ներաշխարհի վերատադրությունը, նրանց հոգեվիճակը: