«Պետհրատի շենքն արդեն մահացել է»․ անկեղծ զրույց Չարենցի հետ (լուսանկարներ)
Քայլում եմ Տերյան փողոցով ու ուշադիր նայում նախկին Պետհրատի շենքին։ Պետհրատից ոչինչ չի մնացել։ Լուռ ու որբ սյուներն են, որոնք փաթաթված են ամանորյա լույսերի կապոցներով: Շենքում գործում են տուրիստական ընկերություններ ու ռեստորան-հյուրանոցներ։ Չեմ հանձնվում։ Որոշում եմ բարձրանալ վերև ու սեփական աչքերով տեսնել, որ Պետհրատի շենքն արդեն մահացել է։
Շենքի ճակատային մասում ցուցանակի վրա քանդակված է, որ 1928-1935 թվականներին այստեղ աշխատել է Եղիշե Չարենցը։ Մտա շենք ու աստիճաններով բարձրացա վերև։ Նեղ միջանցքում լռություն էր, ոչ ոք չկար։ Միջանցքի վերջում թարթում էր առաստաղից կախված լույսը։ Քայլում էի ու զգում, թե ինչպես է ճռճռում պատմություն տեսած հատակը․ «Այս հատակի վրա քայլել է Չարենցը, այս միջանցքում խորհել է, ծխել ծխախոտն ու մտածել մեր մասին»։
Մտա այն սենյակը, որտեղ աշխատել է Չարենցը։ Սենյակում 30-ականների շունչն էր, գեղեցիկ ու երկարավուն աշխատասեղանը, նրա պահարանն ու գրադարակները։
Ներսում զգում էի նրա շունչը ու ոգին։ Կարծես թե ուր որ է պիտի դուռը բացվի, ներս մտնի ու սկսի ինձ հետ զրուցել։ Սենյակից դուրս եկա ու ևս մեկ անգամ քայլեցի ճռճռան հատակի վրայով։ Միջանցքում անդորր էր, բացակայում էին կենդանության նշույլները։ Պետհրատի շենքում այլևս մարդիկ չկային։ Մնացել էին միայն հուշերը, 30-ականների իրերն ու փոշին։ Պետհրատի շենքն իրոք մահացել էր։ Շենքից դուրս եկա, նայեցի ետ, նայեցի Չարենցի ցուցանակին ու մտածեցի. «Այս շենքի պատմության վերջին էջը նույնպես փակեցինք»։
Ա.Զ.