Արեգ Գրիգի «Սղագրեր»-ն արդեն ընթերցողի սեղանին է (լուսանկարներ)
Նոյեմբերի 30-ին Արամ խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ լրագրող, հաղորդավար Արեգ Գրիգի «Սղագրեր» գրքի շնորհանդեսը: Թվով 500 օրինակով լույս տեսած գիրքը բաղկացած է երկու բաժնից՝ «Սղագրեր ապաշխարության» և «Սղագրեր սիրո»:
144 էջում զետեղված թվով 125 բանաստեղծություններն ընդգրկում են հեղինակի՝ 1996-2017 թթ. գրված ստեղծագործությունները: Գրական-երաժշտական երեկոյի ժամանակ հնչեցին նաև Արեգ Գրիգի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը: Երգերի կատարումները վստահվել էր ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանին:
Առաջին երաժշտական ստեղծագործությունը, որը կոչվում է «Զինվորին», ծնվել է 2016 թվականին՝ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին: «Կոմպոզիտոր Կարեն Անանյանի օգնությամբ վերարտադրված մեղեդու շնորհիվ գեղեցիկ երգ է ծնվել»,- նշում է գրքի հեղինակը:
«Միշտ երազել եմ մոր մասին որևէ գիր ունենալ»,- ասում է երիտասարդ գրողը:
Ի վերջո ծնվեց «Տաղ մայրական» հուզառատ երգը, որն Արեգի խոսքով՝ ոգեշնչվել է Նարեկացու գրերից: Ստեղծագործողը վստահ է, որ Աննա Մայիլյանի կատարմամբ ստեղծագործություններն ավելի բարձր ճախրելու թևեր է տալիս:
Ի դեպ, «Սղագրեր» գրքի կայացած շնորհանդեսի առիթով կազմակերպված գրական- երաժշտական երեկոյի ընթացքում գրքի վաճառքից գոյացած հասույթը տրամադրվելու է բարեգործության: