Դա Վինչիի «Աշխարհի փրկիչն» աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով
Նյու Յորքի Christie’s աճուրդում Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը վաճառվել է 450 միլիոն դոլարով: Այս գումարով վաճառքը երբևէ աճուրդներում գրանցված ամենամեծն է: Նախկին ռեկորդը գրանցվել էր նույն աճուրդում Պաբլո Պիկասոյի «Ալժիրցի կանայք» կտավի վաճառքի ժամանակ. այն գնել էր Քաթարի նախկին վարչապետ Համադ ալ Թանին՝ 179 միլիոն դոլարով:
Դա Վինչիի կտավի գնորդը մասնակցել է աճուրդին հեռախոսազանգի միջոցով և ցանկացել է մնալ անանուն: Աճուրդը տևել է 20 րոպե, իսկ կտավի նախնական գինը եղել է 100 միլիոն դոլար: Լեոնարդո դա Վինչին մահացել է 1519 թվականին, և նրա ստեղծագործություններից միայն քսանն են հասել մեզ: «Աշխարհի փրկիչը» կտավը միակն էր, որ պահվում էր անհատ կոլլեկցիոների մոտ:
Դա Վինչիի կյանքն ու գործունեությունն ուսումնասիրողները կարծում են, որ այս նկարը ժամանակին պատկանել է Անգլիայի թագավոր Կառլ Առաջինին: Նկարի մերօրյա պատմությունն սկսվել է 1958 թվականին, երբ այն աճուրդի ժամանակ վաճառվել է 60 դոլարով՝ համարելով, որ այն Լեոնարդո դա Վինչիի նկարի կրկնօրինակն է: Երկար ժամանակ նկարի մասին ոչինչ հայտնի չէր և միայն 2005 թվականին այն հայտնվեց և հայտնի դարձավ «Կորած Լեոնարդո» անվամբ: