«Չորաթանի ապագան մանուկների աչքերի պես լուսավոր է, հաստատուն ու ուժեղ»․ Հայր Գևորգ Սարգսյան (լուսանկարներ)
Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում տեղի ունեցավ միջոցառում, որը նվիրված էր Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին։
«Մեր երեխաներն ապրում են թշնամու գնդակի տակ, սակայն նույնիսկ դա չի խանգարում, որ նրանք իրենց սրտում կրեն հայկական մշակույթի լույսը»։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշեց սահմանամերձ գյուղի բնակիչներից մեկն ու ընդգծեց, որ «Մխիթար երիտասարդական կենտրոն»-ի շնորհիվ գյուղի մանուկներն ու երիտասարդները ավելի ամուր են կառչում մայր հողին։
Կենտրոնում դասավանդվում է հայկական ազգային պար, գորգագործություն, նկարչություն, ասմունք, տիկնիկագործություն և այլ առարկաներ։ Ուսուցիչներն ընդգծեցին, որ կենտրոն հաճախող երիտասարդները պահանջում են ավելի շատ գիտելիք ու մեծ ոգևորությամբ են այցելում կրթօջախ։
Երևանի Մխիթարյան կրթահամալիրի փոխտնօրեն Հայր Գևորգ վարդապետ Սարգսյանը NEWSPRESS.am-ի հետ զրուցում ընդգծեց, որ տեսնելով միջոցառման մասնակից մանուկների խելացի ու փայլուն աչքերը՝ ոգևորվեց, քանի որ նրանք իրենց երիտասարդ սրտում պահում ու մարդկանց են փոխանցում իրենց լուսավոր գիտելիքը։ Նա հավելեց, որ սահմանամերձ Չորաթանի ապագան մանուկների աչքերի պես լուսավոր է, հաստատուն ու ուժեղ։
Հավելենք նաև, որ միջոցառմանը ներկա էին հյուրեր Երևանից ու Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայից։