«Ազգային տարազ» մրցույթ-փառատոնը հավակնում է դառնալ ամենամյա (ֆոտո)
Երևանում անցկացվեց «Ազգային տարազ» համահայկական մրցույթ-փառատոն, որին ներկայացվեց ազգային երգն ու պարը, ասմունքն ու ազգային տարազը: Նման միջոցառում Հայաստանում կազմակերպվում էր առաջին անգամ: Մրցույթի անցկացման գաղափարի հեղինակը հասարակական գործիչ Էմիլ Մարկոսյանն էր:
Մասնակիցներ կային ինչպես մայրաքաղաք Երևանից, Հայաստանի մարզերից, Արցախից, այնպես էլ սփյուռքից:
Ինչպես նկատեց մրցույթը վարող դերասանուհի Անահիտ Մութաֆյանը, փառատոնը գուցե առիթ դառնա, որ ազգային տարազը տեսնելով կամ այն կրելով մրցույթի ժամանակ, հայուհիներն այլևս հանեն իրենց պահարանից և մի կողմն դնեն «բաց պորտերով» հագուստները:
Իսկ մրցույթը նախաձեռնող Էմիլ Մարկոսյանը նկատեց, որ փառատոնի նպատակը մեկն է՝ ցուցադրել հայկական տարազը:
«Մասնագիտական ժյուրին գնահատելու է տարազը, դրանց զարդանախշերը, ամեն զարդանախշ պետք է համապատասխանի մեր ավանդույթներին»,-ասաց Էմիլ Մարկոսյանը:
Փառատոնի ժամանակ ներկայացվում էին նաև արտամրցույթային համարներ, որոնց շարքում իր տեղը գտավ նաև երգչուհի Ալլա Լևոնյանի կատարումը: Ի դեպ, վերջինս համալրում էր ժյուրիի կազմը: Բացի նրանից, ժյուրիի կազմում էին նաև Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ռեկտոր և հիմնադիր Էդուարդ Սեդրակյանը, Մշակույթի նախարարության Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի խմբավար և մեներգչուհի Լաուրա Մամյանը և հրապարակախոս, լրագրող Արթուր Հայրապետյանը, ով նաև հանդիսանում էր փառատոնի սցենարիստը:
Ի սկզբանե մրցանակներ և պատվոգրեր նախատեսված էին մրցույթի երեք անվանակարգի հաղթողների համար: Սակայն ոչ միայն ներկայացված հագուստների նմուշներն, այլև այն կրողների ինքնատիպությունը ևս ժյուրիի անդամների համար մտածելու առիթ դարձավ և ի վերջո, առաջին երեք տեղը զբաղեցնողներից բացի, եղան նաև մրցանակներ այլ անվանակարգերում: Իսկ մյուս բոլոր մասնակիցները ստացան շնորհակալագրեր:
Հագուստի դիզայներ, մոդելավորող Արտյոմ Սյունեցին նկատեց՝ հիմքեր կան ասելու, որ փառատոնը դառնալու է ամենամյա, և որ ինքը պատրաստ է կանգնել փառատոնի կողքին ու աջակցել ծրագրի ավելի անթերի իրականացմանը:
Հարկ է նկատել, որ փառատոնին աջակցություն է ցուցաբերել նաև Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ով փորձերի համար տրամադրել է տարածք և սատարել մրցույթի անցկացմանը:
Տեղեկատվական աջակցությամբ մրցույթի իրականացմանը սատարել է նաև NEWSPRESS.am-ը, որի հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյանն իր փոքրիկ լուման է ներդրել այդ գործում:
Մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն իրենց շնորհակալությունը հայտնեցին նաև բոլոր հովանավորներին՝ պատվոգրերի տեսքով:
Արմինե Մկրտումյան