Օրհան Փամուկի «Անմեղության թանգարանը»` մեղսագործ Ստամբուլում (լուսանկար, տեսանյութ)
«Անմեղության թանգարանը» հիմնադրվել է Ստամբուլում՝ գրող Օրհան Փամուկի կողմից։ Թանգարանը տեղավորված է 19-րդ դարում կառուցված շենքում: Թանգարանը համարվում է Օրհան Փամուկի` 2008 թվականին հրապարակած համանուն վեպի ուղեկիցը, որտեղ պատմությունները ծավալվում են ստամբուլյան երկու ընտանիքի շուրջ: 2014 թվականի մայիսի 17-ին թանգարանն արժանացել է Տարվա եվրոպական թանգարան մրցանակին։
Ե՛վ վեպը, և՛ թանգարանը ներկայացնում են Ստամբուլի վերին խավի կյանքը 1970-ական թվականներից մինչև 2000-ականների սկիզբ: Վեպում ներկայացված է ստամբուլաբնակ հարուստ Քեմալի սիրո պատմությունը, ով սիրահարվում է իր աղքատ զարմիկին, իսկ թանգարանում ներկայացված են նրանց սիրո պատմության ցուցանմուշները: Ըստ թանգարանի կայքի՝ թանգարանի հավաքածուն կազմող ավելի քան 1000 ցուցանմուշները ներկայացնում են, թե ինչ են վեպի հերոսներն «օգտագործել, հագել, լսել, տեսել, երազել. ամենը մանրակրկիտ ներկայացված է արկղերում և ցուցափեղկերում»:
Թանգարանի համար ցուցանմուշներ Փամուկը սկսել է հավաքել 1990-ական թվականների կեսից:
«Ես ցանկանում էի հավաքել և թանգարանում ներկայացնել վեպի «իրական» օբյեկտները և վեպ գրել դրանց մասին»։
Փամուկը նշում է, որ թանգարանում ցուցադրված որոշ օբյեկտներ պատկանում են ընտանիքին և ընկերներին, իսկ մյուսները գտնվել են Ստամբուլի այլ վայրերից կամ հավաքագրվել են ամբողջ աշխարհից:
2008 թվականին, երբ վեպը լույս տեսավ թուրքերեն, թանգարանի հավաքածուն հավաքված էր արվեստագետների, դիզայներների, ճարտարապետների բազմամասնագիտական թիմի հետ միասին: Թանգարանը հանրության համար բացվեց 2012 թվականի ապրիլին։