Արմանի ծնողները սպառնում են ինքնասպան լինել, եթե իրենց որդուն բանտում մի բան պատահի (ֆոտո, վիդեո)
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել ամուսիններ Դոնարա Դավթյանը և Լևոն Երիցյանը: NEWSPRESS.am-ի հետ զրույցում նրանք պնդում էին, որն իրենց որդին՝ 40-ամյա Արման Երիցյանը, կեղծիքի և անարդարության զոհ է:
Դոնորա Դավթյանի խոսքով՝ մասնավորապես Արման Երիցյանին կալանավորել են հանցանքի համար, որը նա չի կատարել:
Սկզբում՝ դատական նիստի ժամանակ, դատավորն արդարացրել է երիտասարդին: Սակայն ավելի ուշ՝ 50 օր անց, բողոքարկել են դատարանի որոշումը, և Արման Երիցյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:
Նրա հայրը՝ Լևոն Երիցյանը, նկատում է, որ նախ իրավունք չունեին 50 օր հետո բողոքարկելու. ամենաշատը կարող էին բողոքարկել 30 անց: Դա մի կողմից, մյուս կողմից էլ՝ ծնողները վստահեցնում են, որ իրենց որդուն անօրինական են դատապարտել: Նրանք իրենց խնդրով դիմել են պատկան մարմիններին, սակայն ամենուր նրանց խնդրին ականջալուր չեն եղել:
«Եթե դատարանը 3 կեղծ վկա է բերել, որոնց գոյության մասին մենք նույնիսկ չգիտեինք, ապա Արմանը 15 վկա ունի, որոնց հենց դատարանն է կանչել ցուցմունք տալու: Ասում են՝ երբ երեք վկա ունես, որ նույն բանն են պնդում, արդարացնում են մեղադրյալին, բա ինչո՞ւ իմ հիվանդ տղայի 15 վկայի ցուցմունքը հաշվի չեն առնում»,- սրտնեղած ասաց Արմանի մայրը:
«Եթե իմ որդուն մի բան պատահի, ես ինձ մոստից կգցեմ»,- ասաց Արմանի հայրը:
«Իսկ ես ինքնասպան կլինեմ»,- հավելեց մայրը:
Մանրամասները՝ տեսանյութում