Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ու Բագրատ Սրբազանի եռակողմ հանդիպման մանրամասները
«Երեկ հանդիպում ենք ունեցել շարժման նախաձեռնության առաջնորդների հետ։ Այդ քննարկման հիմնական նպատակը եղել է այդ պահին ֆիքսելու խորհրդարանական ընդդիմադիր ուժերի պատրաստակամությունը, այս պահին սպասարկելու այն օրակարգը, որը կապված է անվստահություն հայտնելու գործընթացի հետ»,- Հանրապետության հրապարակում հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ ներկայացնելով «Հայաստան» խմբակցության և Բագրատ Սրբազանի հետ տեղի ունեցած եռակողմ հանդիպումը։
Պատգամավորը նշեց, որ պատգամավորները շարժման առաջնորդներին հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ գործընթացի մեջ մտնելու համար և այդ փուլում քննարկումը հիմնականում սահմանափակվել է դրանով։
«Գործընթացի հետ կապված որոշակի ընթացակարգային հարցեր կան, որոնց մի մասը տեխնիկական է, մի մասը մեզանով պայմանավորված չի։ Բայց մենք մեր մասով մեր պատրաստակամությունը հայտնել ենք»,- ասաց Աբրահամյանը։
Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ հանդես է գալիս «Պատիվ ունեմ» խմբակցության անունից, իսկ Իշխան Զաքարյանը դուրս է եկել այնտեղից։