Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցն այստեղ քննարկելու, եկել եմ Բագրատ Սրբազանին և մեր ժողովրդին աջակցելու․ Արման Թաթոյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցն այստեղ քննարկելու, եկել եմ Բագրատ Սրբազանին և մեր ժողովրդին աջակցելու՝ հաշվի առնելով այն կեղծիքներով ամոթալի արշավը, որը սկսված է մեր Հայ Առաքելական եկեղեցու և մեր հոգևորականների նկատմամբ, նաև Տավուշում սահմանազատման համար, որը սահմանազատում չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, ով եկել էր մինալու Կիրանցից դեպի Երևան շարժվող երթին։
«Որևէ մեկը չի կարող հիմնավորել, որ դա սահմանազատում է։ Եթե որևէ մեկը կանի դա, ուրեմն անում է քաղաքական շահերից ելնելով»,-ասաց նա։
Արման Թաթոյանի խոսքով` Տավուշում սահմանազատման արդյունքում անվտանգային լուրջ խնդիրներ են լինելու, փակվելու են գյուղեր, մարդիկ չեն ունենալու անվտանգ տեղաշարժվելու իրավունք։
«Տեսեք, թե մեր ժողովուրդը Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում ինչ զրկանքների է արժանացել, այդ նույնը սպասվում է Տավուշում։ Մարդիկ զրկվել են իրենց հողերից, տներից, Ներքին Հանդում մարդիկ չեն կարողանում անգամ գետից ջուր խմել, մեր երեխաները դպրոցում սովորում են ադրբեջանական զինծառայողների թիրախի ներքո, դիրքերն այնքան մոտիկ են, որ լսվում է ադրբեջանցիների խոսակցությունը»,- ասաց նախկին ՄԻՊ-ը։