Մենք չենք ուզում հասնել այն մակարդակին, որ քաղաքացիները ինքնադատաստանի մեխանիզմի անցնեն․ Արծվիկ Մինասյան
Շարժումը նեղքաղաքական չէ, հայրենիքի պաշտպանության համար է։ Այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Կիրանցի դեպքերին։
«Կիրանցում այսօր տեղի ունեցածը եւս մեկ անգամ ապացուցում է, որ եթե ժողովուրդը չընդվզի, այս ազգադավ իշխանությունների գործողությունների դեմ, սրանք վերջում Հայաստանից թողնելու են «Հ» անունը, կամ դարձնելու են էս երկիրը ՔՊստան կամ իրենց ուզած ցանկացած անվանումով առնվազն վիլայեթ է թուրք-ադրբեջանական իշխանության ներքո»:
Նա հույս ունի, որ կլինեն հաղորդումներ հանցագործության մասին, քանի որ տեղի բնակիչները բռնության են ենթարկվել: Ըստ նրա, ակնհայտ է, որ անհամաչափ ուժ է գործադրվել ու դա պարզ է նաեւ անգամ այն փոքր տեսանյութերից, որոնք մարդիկ հասցրել են տեղադրել համացանցում։
«Մենք չենք ուզում հասնել այն մակարդակին, որ քաղաքացիները ինքնադատաստանի մեխանիզմի անցնեն: Եթե այս իշխանությունների նպատակը դա է, նշանակում է՝ ոչ միայն չկա ժողովրդավարական հասարակարգ, իրավական պետություն, դրա նշույլն անգամ չկա»,-ասաց Արծվիկ Մինասյանը։