Ես ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը՝ բանակցություններ վարելու Ալմաթիում ԱԳՆ ղեկավարների միջև. Տոկաև
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է Ալմաթիում բանակցություններ վարելու Ադրբեջանի և Հայաստանի պատրաստակամությունը։
«Ես ողջունում եմ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համաձայնությունը՝ ղազախական կողմի առաջարկով արտաքին գործերի նախարարների միջև բանակցություններ վարելու` երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ։
Խորհրդանշական է, որ այս կարևոր իրադարձությունը տեղի կունենա Ալմաթիում, որտեղ 1991 թվականի դեկտեմբերին ստորագրվեց պատմական Ալմա-Աթայի հռչակագիրը, որը ստեղծեց ԱՊՀ երկրների անկախ զարգացման հիմքերը և հաստատեց միջպետական սահմանների որոշման սկզբունքները։
Ես ելնում եմ նրանից, որ առաջիկա հանդիպումը կծառայի հայ- ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը և կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը»,- ասվում է Տոկաևի այսօրվա հայտարարության մեջ: