Մենք ողջունում ենք Հայաստանի ջանքերը ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ․ Բորել
Եվրամիությունը ցանկանում է Հայաստանի համար դրական օրակարգ մշակել, և Միացյալ Նահանգների հետ միավորելով ուժերը, ցույց տալ Հայաստանի ինքնիշխանության, ժողովրդավարության ու դիմակայունության հանդեպ ամուր նվիրվածությունը։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Ուժեղ և կայուն Հայաստան նշանակում է ավելի ուժեղ և կայուն Հարավային Կովկաս, և դա օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին»,- ասել է Բորելը։
Նա նաև նշեց․ «Մենք ողջունում ենք Հայաստանի ջանքերը ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ: Կարևոր է շարունակել բարեփոխումները՝ երկրի դիմադրողականությունն էլ ավելի բարձրացնելու համար: ԵՄ-ն կշարունակի աջակցել բարեփոխումներին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման միջոցով»։