Վրաստանը քննադատել է Ուկրաինային ոչ բարեկամական քայլերի համար
Վրաստանի կառավարությունը մտահոգություն է հայտնել ուկրաինական իշխանությունների անբարյացակամ գործողությունների կապակցությամբ՝ ուղղված վրաց ժողովրդի դեմ։ Այս մասին ասված է Վրաստանի նախարարների կաբինետի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Փաստաթղթի տեքստում նշվում է, որ երկու տարի շարունակ Վրաստանը համերաշխություն է հայտնել ուկրաինական պետությանն ու ժողովրդին, նաև դատապարտել է Ռուսաստանի ռազմական ագրեսիան, այդ թվում՝ միանալով Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը աջակցելու տարբեր հարթակների ավելի քան 600 որոշումների։
Վրաստանի նախարարների կաբինետը նշել է, որ այս ֆոնին ափսոսանք և մտահոգություն են առաջացնում պաշտոնական Կիևի որոշումները, որոնք կոպտորեն հակասում են ուկրաինացի և վրացի ժողովուրդների բարեկամությանը։
Վրաստանի կառավարությունը հիշեցրել է, որ Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին, ով հայրենիքում հեռակա դատապարտվել է մի շարք քրեական գործերով, վերջերս եղել է Ուկրաինայի պատվիրակության կազմում, որը բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել Գերմանիայում և Բելգիայում։ Բացի այդ, 2022 թվականի մարտի 1-ին Կիևը հետ է կանչել իր դեսպանին Թբիլիսիից՝ Վրաստանի կողմից հակառուսական պատժամիջոցներին միանալու և Ուկրաինա կամավորներ ուղարկելուց հրաժարվելու պատճառով։