Ճանապարհները մշակվել են, խնդիր չի եղել․ Արեյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը զեկուցեց մայրաքաղաքում ձյան տեղումներով պայմանավորված՝ կատարված աշխատանքների վերաբերյալ:
Նա վստահեցրեց, որ տեխնիկան նախապես պատրաստ էր, խառնուրդը՝ նույնպես, որևէ խնդիր չի եղել։
«Ճանապարհները մշակվել են»,- տեղեկացրեց Արեյանը՝ հավելելով, որ գիշերը ջերմաստիճանը իջել է՝ հասնելով 3 աստիճան ցրտի:
Նա առավոտյան ճշտել է՝ «Ավտոբուս» ՓԲԸ-ն ևս որևէ խնդիր չի ունեցել, Պարեկային ծառայության ղեկավարը նույնպես որևէ խնդիր չի մատնանշել:
«Վարչական շրջանների ղեկավարները բոլորը եղել են տեղում, հերթապահություն են սահմանել: Տեղումները թույլ են եղել, առաջին ձյունն էր՝ որպես այդպիսին, նորմային քիչ թե շատ մոտեցող»,- ասաց Արեյանը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հորդորեց ուշադիր լինել ոչ միայն ճանապարհների, այլև մայթերի նկատմամբ:
Քաղաքապետի ճշտող հարցին՝ արդյոք ունեցած տեխնիկան բավարա՞ր է, Արեյանը տեղեկացրեց՝ բերվել է 50 միավոր նոր՝ մայթ մաքրող տեխնիկա, որը բաշխվել է վարչական շրջանների միջև, նաև փոքր տրակտորներ, նաև 760 հոգուց բաղկացած անձնակազմը կզբաղվի ձնամաքրման աշխատանքներով: