Ցավոք սրտի, Եվրոպայի և Ամերիկայի համար Կովկասն այնքան էլ հետաքրքիր չէ, բայց Լաչինի միջանցքը պետք է բացվի, այլ ճանապարհ չկա․ Շվեդիայի հայ պատգամավոր
Ես եկել եմ իմ աչքերով տեսնեմ՝ վիճակը ոնց է։ Ցավոք սրտի, ո՛չ բեռները, ո՛չ մենք կարող ենք անցնել այս միջանցքից։ Այս մասին այսօր Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում ասել է Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետը։
«Հիմա Արցախի 120 հազար բնակիչ 8 ամիս բլոկադայի մեջ է: ԱՄՆ-ն, ԵՄ-ն, և Շվեդիան պետք է իրենց ուժերով այդ բեռն անցկացնեն։ Լաչինի միջանցքը պետք է բացվի, ուրիշ ճանապարհ չկա։ Բորելն ասաց, որ Լաչինի միջանցքը բացվի։ Ասենք, որ դիտորդներն իմանան՝ ԵՄ-ն շատ դանդաղ է աշխատում, շատ բյուրոկրատիկ ինստիտուտ է, բայց այս քայլերը ցույց են տալիս, որ փոփոխություն եղել է իրենց մեջ»,- ասաց պատգամավորը։
Ըստ նրա՝ ինչքան Ադրբեջանը թույլ չտա բեռներն անցնեն, եվրոպացիները նրան վատ աչքով կնայեն։
«Հիմա ցավոք սրտի, Եվրոպայի և Ամերիկայի համար Կովկասն այնքան էլ հետաքրքիր չի»,- ասաց Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը։