Մեկ շաբաթից անցնելու ենք գործողությունների, ինչ գործողությունների՝ հիմա չենք կարող հրապարակայնացնել․ ԱՀ նախագահի խորհրդական (տեսանյութ)
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Հայաստանում է մնացել։ Նա ևս մասնակցում է «Մենք Արցախն ենք» խորագրով ակցիային։
Վլադիմիր Գրիգորյանը հույս ունի, որ իրենց ձայնը լսելի կլինի միջազգային հանրության շրջանակում։
«Իրավիճակն ամեն օր, ամեն ժամ ծայրահեղ է դառնում, դրա համար նախագահն էլ (նկատի ունի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին-հեղ) երեկ իր խոսքում նշեց, որ մեկ շաբաթ ժամանակ է տալիս, որից հետո անցնելու ենք գործողությունների։ Թե ինչ գործողությունների, կներեք, հիմա չենք կարող հրապարակայնացնել»,- ասաց նախագահի խորհրդականը։
Նա նշեց, որ ակցիային մասնակցում են արցախցիներ ու այստեղ բարձրացնում են արցախցիների պահանջը։
«Արցախի իշխանությունները բազմիցս բարձրաձայնել են իրենց տեսակետը՝ Արցախի Հանրապետությունն իրեն չի տեսնում Ադրբեջանի կազմում»,- ասաց Վլադիմիր Գրիգորյանը։
Իսկ թե ինչու է Փաշինյանն այլ հայտարարություններ անում՝ կապված Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ՝ նա չի կարող պատասխանել։
«Այդ հարցն ուղղեք Փաշինյանին․ ես չեմ կարող պատասխանել Նիկոլ Փաշինյանի փոխարեն»,- ասաց նա։