Հայաստանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, իսկ Ադրբեջանի ղեկավարությանը խստորեն կոչ ենք անում շտապ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքը անհապաղ ապաշրջափակելու ուղղությամբ․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ․
2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։ Մենք հարգում ենք Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշումը, սակայն դա արմատապես փոխեց այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը:
Մենք կարծում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է տեղափոխվի երրորդ երկրների վրա։ Անհրաժեշտ է անհապաղ սկսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը` հիմնվելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։
Մենք ելնում ենք նրանից, որ այս համաձայնագրի անբաժանելի մասը պետք է լինեն Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ պայմանագրերի ողջ փաթեթի խստիվ կատարումը, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ռուսական կողմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքի վերականգնմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին ակտիվորեն նպաստելու իր մտադրությունը։ Մենք պատրաստ ենք մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման ուղիները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցը, որին կհաջորդի ռուս-ադրբեջանա-հայկական գագաթնաժողովը Մոսկվայում։
Մտահոգիչ է, որ այսօր իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգանում է բացասական սցենարով։ Տարածքում հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է։ Տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս է զգում, գործնականում զրկված է էլեկտրաէներգիայից ու գազից։ Սա կարող է ամենադրամատիկ հետևանքները բերել ղարաբաղահայության համար։
Մենք խստորեն կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը շտապ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքը անհապաղ ապաշրջափակելու, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու երկու ուղղություններով, ինչպես նաև էներգակիրներ մատակարարել տարածաշրջան: