«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի ֆիլմերը, ժյուրիի կազմն ու պատվավոր հյուրերը
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։ Փառատոնին ընդառաջ հրավիրված առաջին մամուլի ասուլիսի ընթացքում կազմակերպչական թիմը ներկայացրեց փառատոնային ժյուրիի կազմը, բացման և փակման ֆիլմերը, պատվավոր հյուրերին, ինչպես նաև այլ փառատոնային մանրամասներ։
Մասնավորապես, փառատոնի շրջանակում կցուցադրվեն շուրջ 100 ֆիլմեր ամենատարբեր ծրագրերի ընթացքում։ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայացվեն ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից: Փառատոնը կունենա երեք մրցութային ծրագիր։ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։