Վաչիկը Խաչիկին մուննաթով բան է ասում, նա ագրեսիայով պատասխանում է, կինն էլ` վախենում. դուք ուրիշ զգացմունքներ չունե՞ք. Արթուր Մանուկյանը` սերիալների մասին (տեսանյութ)
Մեր սերիալները նայելով` կարելի է ասել, որ ժողովուրդը ունի 3 հույզ` մուննաթ, ագրեսիա ու վախ։ ԱԺ լիագումար նիստում այսօր խոսելով հեռուստատեսային սերիալների որակի մասին՝ ասաց ՀՌՀ անդամի թեկնածու Արթուր Մանուկյանը։
«Վաչիկը Խաչիկին մուննաթով բան է ասում, նա էլ ագրեսիայով ասում է՝ իմ հետ այդպես չխոսես, կինն էլ վախենում է: Ուրիշ հույզ չկա՞: Բացի մուննաթից ու ագրեսիայից` դուք ուրիշ զգացմունքներ չունե՞ք»,-իր հարցադրումն ուղղեց Արթուր Մանուկյանը:
Նա նկատեց, որ ինքը դերասան է և շատ լավ գիտի իր մասնագիտությունը։
«Եթե հացթուխը հաց թխի այնպես, ինչպես այդ դերասաններն են իրենց դերը կատարում, հացը կտաք նրա գլխին։ Դրանում դերասանի աշխատանք չկա»,-համոզմունք հայտնեց Արթուր Մանուկյանը։
Նրա խոսքով՝ նման հարցերում ՀՌՀ-ն պետք է սերտացնի համագործակցությունը ԿԳՄՍՆ-ի հետ, որպեսզի հակասություններ չլինեն․ «Որպեսզի չստացվի, թե հեռուստատեսությունում ուրիշ բան է, դասագրքերում՝ ուրիշ։ Ունակ մարդիկ պետք է հնարավորություն ունենան դրսեւորվելու։ Ես շատ տաղանդավորների եմ ճանաչում, որոնք էլ ֆիլմ չեն նկարի, որովհետեւ հույս ու հավես չունեն։ Շատերն էլ այլեւս ՀՀ-ում չեն»։
Հիշեցնենք, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել է դերասան, ռեժիսոր, Երեւանի ավագանու ՔՊ-ական նախկին անդամ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի թեկնածությունը, որն այսօր քննարկվում է ԱԺ լիագումար նիստում։