Այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ից ո՛չ հայտարարություն ենք լսել, ո՛չ գործողությունների հստակ գործիքակազմ, օր առաջ թող գոնե իրենց գնահատականներով կանխեն այս լարվածությունը. Անդրանիկ Քոչարյան
Այսօրվա լարված իրավիճակը մեր ինքնիշխան տարածքում բոլորիս պահում է լարվածության մեջ, առաջին հերթին՝ Զինված ուժերին: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Իմ առաջինն արձանագրումն այն է, որ մենք ՀԱՊԿ հիմնադիր անդամ ենք՝ անկախ նրանից, թե ՀԱՊԿ-ի մեջ էլ ինչ պետություններ են ընդգրկված: Այնտեղ ընդգրկված և մեր հիմնական ու ռազմավարական գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, որը, լինելով ՀԱՊԿ անդամ, ունի լիարժեք մեծ փաթեթ ՀԱՊԿ անդամ պետություններում տեղի ունեցող այսպիսի լարվածությունններն իր գործողություններով կանխելու: Այս պահի դրությամբ ո՛չ հայտարարություն ենք լսել, ո՛չ էլ գործողությունների հստակ գործիքակազմի կիրառման հնարավորություն: Էլ չեմ ասում՝ մշտադիտարկման խնդիրը ամիսներ շարունակ կախված է եղել ՀԱՊԿ-ի առջև, որովհետև եթե մշտադիտարկման փուլը մենք իրականություն դարձրած լինեինք, կարծում եմ, որ երբեք հակառակորդը մեղադրանք չէր կարող ներկայացնել Հայաստանի ԶՈւ նկատմամբ».- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ այսպես թե այնպես այս լարվածությունը մենք կհաղթահարենք և կհաղթահարենք միասնաբար:
Ըստ նրա՝ մեր միասնականությունից է կախված՝ ԶՈւ-ն միայնա՞կ կմնա այսօրվա իրավիճակում, թե՞ մենք բոլորս բառի բուն իմաստով կլինենք Զինված ուժերին ենթակա մարմին՝ լինի Ազգային ժողով, կառավարություն, թե սովորական քաղաքացի: Խոսքս վերաբերում է ՀԱՊԿ-ին: Ես կարծում եմ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից կլինեն հայտարարություններ, բայց խնդիրը լուծվելու է մեր միակամությամբ և մեր միջազգային գործընկերների պարտականությունների կատարման տիրույթում: Կոչով եմ դիմում: Բոլորս էլ մեր մտահոգություններն ունենք և ունենք մեր գործընկերային հարաբերություններն ամեն մեկը իր գործընկերոջ հետ՝ խորհրդարանական խողովակներով և պետք մեր մտահոգություններն ասենք ու չմոռանանք: Մեր մտահոգությունները ոչ միայն հիմնավորված են, այլև դա կարող է ազդել հանրային տրամադրությունների վրա: Թող բոլորը գիտակցեն, որ եթե մենք գտնվում ենք մի տիրույթում, որտեղ անվտանգության գործիքակազմ գոյություն ունի, այդ տիրույթ ունի պարտավորություններ, ինչպես նաև մենք այդ տիրույթում եղած մյուս պետությունների նկատմամբ: Օր առաջ թող գոնե իրենց գնահատականներով կանխեն այս լարվածությունը, որովհետև, եթե լարվածությունն այսօր չկանխենք՝ ինքն ավելի մեծ ծավալներ կընդգրկի, իսկ ավելի մեծ ծավալները դրանք լրացուցիչ զոհեր են, իսկ զոհերը թե՛ մեր կողմից, թե՛ հակառակորդի, ցանկալի չէ: Մենք պետք է պահպանենք հրադադարի ռեժիմը, որպեսզի կարողանանք տարածաշրջանը հեռու պահենք ռազմական բնույթի ավելի մեծ մասշտաբային ցնցումներից»,- ասաց Քոչարյանը: