Դասախոսները հայտարարում են համերաշխության մեկօրյա նախազգուշական գործադուլ` որպես միաբանության քայլ (տեսանյութ)
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի դասախոսների գերակշիռ մասն իր համերաշխությունն է հայտնում ուսանողական շարժմանը` ուղղված հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն առարկաների պարտադիր ուսուցմանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում դասախոսների հայտարարությունը ներկայացրեց դոցենտ Նարինե Դիլբարյանը:
Համաձայն հիշյալ հայտարարության՝ հայտարարվում է միասնական մեկօրյա գործադուլ:
«Հայտարարում ենք համերաշխության մեկօրյա նախազգուշական գործադուլ` որպես միաբանության քայլ: Նախատեսում և ակնկալում ենք հարցի հրատապ քննարկում բոլոր շահագրգիռ, իրավասու կողմերի, և, մասնավորապես, ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ` առանց քաղաքական շահարկումների: Հորդորում ենք ուսանողությանը դադարեցնել դասադուլը»,- հայտարարությունը ներկայացրեց Դիլբարյանը:
Լրագրողի հարցին, թե ըստ նրա` Հարությունյանը պատրա՞ստ է քննարկումների, Դիլբարյանը պատասխանեց, որ ելնելով Հարությունյանի հայտարարությունից, որ ինքը պատրաստ է երկխոսության, կարծում է, որ այդ հանդիպումը կկայանա:
«Ես հուսով եմ, որ հարցը կլուծվի ի դրական»,- ասաց Դիլբարյանը:
Նրա խոսքով, քննարկումը անհրաժեշտ է, քանի որ այսօր նախարարությունն առաջարկում է նախագիծ, որը բուհական ինքնավարությունն իջեցնում է:
Առայժմ դասախոսներն ու ուսանողները սպասում են նախարարի հետ հանդիպմանն ու ակնկալում դրական լուծում` ի շահ կրթության:
Մանրամասները` տեսանյութում: