Երբ խաբելը դառնում է արհեստ
Կար ժամանակ, երբ քայլիստներն ամեն պատի տակ կուրծք էին ծեծում, թե կարմիր գծերը պետք է ընդհանրապես հանել ու իրենք դա անպայման կանեն։ Բայց «Կարգին» Հայկոյի խնչող խոսնակը երեկ հայտարարել է, որ կարմիր գծերը ավելանալու և թանկանալու են։ Այսինքն ստացվում է, որ Երևանի բյուջեն, որն այս տարի ակնհայտորեն թերակատարվել է ու մանիպուլյատիվ ներկայացվում է, թե հաջորդ տարի «աննախադեպ» ավելանալու է, իրականացվելու է նաև թանկացումների հաշվի՞ն։
Լավ, որքա՞ն կարելի է խաբել սեփական ժողովրդին, որքա՞ն կարելի է հետ կանգնել սեփական խոստումներից, ավելին՝ անել հակառակը։ Ասում էիք՝ կարմիր գծերը հանելու եք, հիմա և՛ ավելացնում եք, և՛ գինն եք բարձրացնում, ասում էիք կամեռաները հանելու եք՝ փոխարենը շատացնում եք, հայտարարում էիք, թե վերելակները փոխելու եք, իսկ հիմա ասում եք, թե մինչև վճարը չավելացվի ու չմուծվի քաղաքացիների կողմից՝ չի՛ փոխվելու։ Եվ ստերի այս շարանը շա՜տ երկար կարելի է շարունակել։ Իսկ գուցե գոնե մեկ-մեկ նայե՞ք այն ռոլիկները, որոնցում տվե՛լ եք այդ խոստումներն ու ինքներդ ձեզ հարց տաք և բոլորին պատասխանեք, թե ինչո՞ւ եք ստել։ Ակնհայտ է, որ տրանսպորտի հարցն էլ չե՛ք լուծի, քանի դեռ երևանցիները չեն համաձայնվի վճարել ավելի թանկ։
Մի խոսքով, ստելու նուրբ արհեստը քայլիստների ու հատկապես «Կարգին» Հայկոյի «արվեստի» շատ կարևոր բաղկացուցիչ մասն է։ Բայց պետք չէ՛ մոռանալ, որ սա բեմ չէ ու այստեղ դուբլերի հնարավորություն չկա։ Ուստի մնում է բարի խորհուրդ հղել «Կարգին» Հայկոյին, որ զբաղվի իրեն հոգեհարազատ գործով՝ դերասանությամբ, որտեղ մի դերը կարող է բովանդակային լուրջ տարբերություն ունենալ մյուսից։ Թո՛ղ Երևանի կառավարումը, Հայկո ջան, թող սրտացավ ու պրոֆեսիոնալ կադրեր զբաղվեն այդ գործով, քանի որ դու դա բարեհաջող տապալել ես՝ նաև ինքդ տապալվելով:
Հանուն Գալիք Հայաստանի ֆեյսբուքյան էջից