Դավթաշենի նախկին թաղապետը չի կալանավորվի. խափանման միջոց ընտրվել է 5 մլն դրամ գրավը
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը 5 մլն դրամ գրավի դիմաց կմնա ազատության մեջ։ Այդ մասին նա ասաց NEWSPRESS.am-ի հետ զրույցում։
Բաղդասարյանը նշեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարան էր գնացել իր փաստաբանի՝ Հրանտ Անանյանի ուղեկցությամբ։ Դատարանը որոշել է Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառել:
Ավելի վաղ Հրանտ Անանյանի հետ զրույցում NEWSPRESS.am-ը տեղեկացել էր, որ քրեական գործ հարուցելու գործընթաց է սկսվել՝ Ռուսլան Բաղդասարյանը մեղադրվում էր հափշտակություն կատարելու միասնական դիտավորության մեջ:
Բաղդասարյանը նշեց, որ ինքը չի ընդունում հափշտակության մասին մեղադրանքը։
«Մեղադրանքը չեմ ընդունում»,- ասաց Բաղդասարյանը, ում կարծիքով գործընթացի մեջ քաղաքական հետապնդման միտում կա։
Հիշեցնենք, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: