Հայաստանում ռուսներն ակտիվորեն ամրացնում են իրենց դիրքերը
Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանում ռուսական ռազմաբազան կրկնապատկելու է իր հզորությունները։ Ասել է, թե ռուսական բազայի ներկայությունը լինելու է շատ ավելի ընդգրկուն բոլոր իմաստներով։
Ռուսական դիրքերի նման ամրակայումը Հայաստանում, անխոս կերպով որոշակիորեն ռուսական քաղաքական կուրսի հետևորդ կդարձնի Հայաստանին, գոնե գլոբալ քաղաքական պլանում, ինչը պետք է հենց Ռուսաստանին։ Այլ կերպ ասած, ռուսների համար մեծ հաշվով հետաքրքիր չէ, թե ներքին քաղաքականության մեջ ինչեր կանի Փաշինյանը։ Ստամբուլյան կոնվենցիան կընդունի, ոչ մի խնդիր։ Ով չի ուզենա շարունակել ապրել Հայաստանում այդ կոնվենցիայի վավերացումից հետո, խնդրեմ Ռուսաստանի դռները միշտ բաց են, տեղն էլ անսահմանափակ գործնականում, հյուրընկալելու, տեղավորելու համար։ Գնացողներ, անշուշտ կլինեն։
Ստամբուլյան կոնվենցիան, իհարկե մեծ վտանգ չէ զուտ տեղի ռուսական զինվորական համայնքի համար, որի ներկայացուցիչները բավական ներփակ կենցաղ ունեն։ Ամուլսարի հարցում, այ իրավիճակը մի փոքր այլ է։ Հարցը ոսկին չէ, այլ ոսկու հետ ուղեկցող ուրանը։ Այստեղ արդեն Մոսկվան որոշակիորեն կանհանգստանա, ու թերևս ինչ որ քայլեր կանի։ Գուցե նաև մի գեղեցիկ օր արթնանանք ու իմանանք, որ որոշվել է ռուսական ընկերության հետ աշխատել այս հարցում ով իմանա։ Ղարաբաղյան հարցը, դե դեռ Լևոն Տեր Պետրոսյանն էր մի առիթով ասել Ելցինին, որ օրենքով Ելցինն իրեն՝ Տեր-Պետրոսյանին ու Ալիևին պետք է մեդալ տա, Ղարաբաղյան հարցի համար, որը ամենալավ լծակն է ռուսների համար, Հարավային Կովկասում դիրքեր պահելու համար։ Երկրորդ նախագահի հարցն էլ ազգային դատական համակարգով չլուծվի, եվրոպական դատարանով կլուծվի։
Ինչ է մնում տակը։ Ներքաղաքական գզվռտոցը, իրար վրա ցեխ շպրտոցին․ չէ որ դեռ Հին աշխարհից եկած խոսք կար՝ «Բաժանիր, որ տիրես»։ Ու մինչ Արևմուտքը փորձում է հասկանալ, թե Հայաստանում որքան է աշխատում «Ոսկով բեռնված էշը կարող է երկրներ գրավել» արտահայտությունը, ռուսները ակտվիորեն ամրացնում են իրենց դիրքերը անվտանգային ու ռազմական ոլորտներում։
Յակոբ Բերգեր