Որևէ թիմից կախում չունեմ․ Վայոց ձորի նորանշանակ մարզպետի համար ոչ ոք չի՞ միջնորդել (տեսանյութ)
Վայոց ձորում սկսված աշխատանքները բնականոն հունով շարունակվելու են։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը։ Վերջինս հանդիսանում է նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի խորհրդականի փաստաբանը։
Լրագրողների հարցին, թե այս տրամաբանության մեջ արդյոք ձևական բնույթ չի՞ կրում իր նշանակումը, Արարատ Գրիգորյանը պատասխանեց․ «Ոչ, ձևական բնույթ չի կրում»։
Նա նշեց նաև, որ թեև փաստաբանական գործունեություն իրականացնելիս առնչվել է նախկին մարզպետի հետ, դա իր գործունեությանը որպես մարզպետ չի կարող խոչընդոտել: «Եթե այդ հանգամանքը խոչընդոտ լիներ, ապա կարող ենք մտածել, որ մեր երկրում յուրաքանչյուր փաստաբան, բացի փաստաբանական գործունեություն իրականացնելուց, այլ գործունեություն չի կարող իրականացնել»,- ասաց նա՝ հավելելով, որ չի շարունակելու պաշտպանել նախկին մարզպետի խորհրդականի շահերը։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ Արարատ Գրիգորյանը հայտարարեց նաև, որ ինքն անկուսակցական է։
«Ես մարզպետի պաշտոնում աշխատելու եմ անկաշկանդ ու անաչառ: Որևէ մեկից, որևէ թիմից կախում չունեմ, իրականացնելու եմ պետական կառավարումը մարզում»,- ասաց նա:
Արարատ Գրիգորյանը հայտարարեց նաև, որ անձամբ վարչապետին չի ճանաչում, իր համար էլ ոչ ոք չի միջնորդել, ոչ ոք չի երաշխավորել։
«Բնական է՝ պարոն Պապիկյանը պետք է ներկայացներ, նախարարի հետ ունեցել եմ զրույց, իմ ունեցած մոտեցումներն եմ ներկայացրել, ենթադրում եմ, որ արժանացել է հավանության»,- ասաց նա և վստահեցրեց, որ նախարար Սուրեն Պապիկյանին էլ նախկինում չի ճանաչել:
Նկատենք, որ Արարատ Գրիգորյանը կառավարությունից հետո պետք է հանդիպեր նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում: