«Հոկտեմբերի 27-ի» վերաբացումն այն է, ինչ Կիրովի գործը Ստալինի ժամանակ՝ վերացնել քաղաքական հակառակորդներին․ Հունանյանը Մանուկյանի տանը չի եղել
Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումը որակում է խայտառակություն, քանի որ այն բացում են անարժան մարդկանց ձեռքով։ Այդ մասին նա ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Հոկտեմբերի 27-ի գործի քննարկումն սկսելը այն խաղն է, ինչի մեջ պատրաստվում են մեր ժողովրդին մտցնել։ Դա հենց այն է, ինչ Կիրովի գործը Ստալինի ժամանակ․ դրա քողի տակ, սկսում են վերացնել ու ոչնչացնել քաղաքական գործիչներին, իրենց հակառակորդներին»,- ասաց Վազգեն Մանուկյանը։
Ըստ նրա` ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի թույլտվության ու իմացության չէր կարող մտնել Հոկտեմբերի 27-ի սպանդի գործում մեղադրվեց Նաիրի Հունանյանի մոտ։
«Եթե իշխանությունը հարց ունի կապված Հոկտեմբերի 27-ի հետ, թող հանձնարարի գործով զբաղվող մասնագետներին, բոլորս կսպասենք, թե ինչ ընթացք կունենա, իսկ եթե ինձ անձամբ ասելու բա ունեն, թող կանչեն, աչքերիս նայելով հետս խոսեն, ոչ թե երկրորդական մարդկանց միջոցով, հասարակական կարծիքը պղտորեն»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Արման Բաբաջանյանի կողմից արված հայտարարություններին, ապա Վազգեն Մանուկյանը պարզաբանեց։ Նա նշեց, որ Նաիրի Հունանյանի հետ առնչվել է 1988-ի շարժման ժամանակ, երբ ինքը ներկայացնում էր «Ղարաբաղ կոմիտեն», իսկ Նաիրի Հունանյանը՝ ուսանողական շարժումը։ Դրանից հետո Հունանյանը ցանկացել է մտնել ԱԺՄ, սակայն ինչ-ինչ պատճառներով նրան չեն ընդունել ԱԺՄ շարքեր։
Վազգեն Մանուկյանը հավելում է, որ դրանից հետո Հունանյանին չի տեսել։
«Ոչ մի հանդիպում, ոչ մի առնչություն չի եղել, մեր տանը նա երբեք չի եղել, ամեն ինչը հորինված է և իր հետևում քաղաքական նպատակներ»,- ասաց Մանուկյանը։