Մարիամի «թավշյա» ակնարկը մեդիա դաշտին․ իսկ «ՀԺ»-ի հետ կապված հարցեր չկա՞ն
Արդեն երրորդ կամ մի գուցե 4-րդ անգամն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը հրապարակավ անդրադառնում է լրատվամիջոցներին: Մարիամը հերթական անգամ կասկածի տակ է դնում լրատվամիջոցների ֆինանսական աղբյուրներն ու մեդիա դաշտն անվանում կաշառված:
Չի բացառվում, որ իրեն պոտենցյալ վարչապետ հռչակած աղջնակը սույնով «թավշյա» ակնարկ է անում որոշ լրատվամիջոցներ փակելու մասին ու չի բացառվում նաև, որ այդ լրատվամիջոցների շարքում լինեն սաունա գնալու տենչով տոգորված ու լրագրողներին լկտի անվանած Ստյոպա Սաֆարյանի թվարկած կայքերը:
Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում քրեական գործեր են հարուցվում, կալանքներ են լինում ու մարդիկ են ազատվում աշխատանքից հենց ակնարկների հիմա վրա, այն էլ բարձրաստիճան «դանոսչիկների» ու «ստուկաչների» ակնարկների։ Այնպես որ՝ Մարիամի գրառումը կարելի է համարել ակնարկ և սպասել որոշ լրատվամիջոցների փակմանը։
Այստեղ կա մեկ ուրիշ հարց՝ ինչո՞ւ Մարիամը լրատվամիջոցներին վերաբերող իր գրառումների մեջ անազնիվ․․․ այս գրառումների մեջ մի բան թերի է։ Նա ամեն անգամ լռում է իր ընտանիքին պատկանող լրատվամիջոցների` «Հայկական ժամանակ» օրաթերթի ու armtimes.com լրատվական կայքի մասին․ էլ չենք խոսում նորաբաց այն կայքերից, որոնք, օդում կախված լուրերի համաձայն, բացվում են հենց Փաշինյանների ընտանիքի նախաձեռնությամբ ու պատկանում իրենց․․․
Հնարավոր է Մարիամը փոքր է եղել ու չի հիշում, որ իր հոր ղեկավարած լրատվամիջոցը բազմաթիվ սկանդալային հոդվածների կիզակետում է եղել, հնարավոր է՝ չի հիշում, որ այս օրաթերթը կեղծ լուրեր է տարածել (հնարավոր է պատվերով), այնքան կեղծ, որ հետո հերքել է ինքն իր հրապարակած կեղծ նյութը, իսկ ինչպես ինքը՝ Մարիամն է մի առիթով ասել․
«… կեղծ լուրեր տարածում են ծախու լրատվամիջոցները, կամ նրանք, ովքեր չեն հարգում իրենց մասնագիտությունը»․․․
Ի վերջո, Մարիամը չի կարող հիշել «մի սպիտակ Նիվայի պատմություն», որը, դարձյալ օդում կախված լուրերի համաձայն, իր հայրը «վաստակել է» ինչ-որ ծառայության դիմաց։ Ասում են, որ հետո այդ սպիտակ «Նիվա»-ն այրել են ինչ-ինչ պայմանավորվածություններ խախտելու համար։
Մարիամը չգիտի՞, թե ովքեր են գնել իր հորը պատկանող օրաթերթի խմբաքանակները՝ այդ կերպ թաքնված ֆինանսավորելով թերթին․․․
Վերջին հարցազրույցի ժամանակ Մարիամին հարց ուղղեցին, թե ինչի՞ շնորհիվ են ավելացել իրենց ընտանիքին պատկանող լրատվամիջոցի գովազդները, ինչին Մարիամը ծիծաղելով պատասխանեց․
«․․․ես չգիտեի, որ ավելացել են, եթե ավելացել են՝ երևի լավ աշխատանքի շնորհիվ է»․․․
Իրո՞ք, լավ աշխատանքի՞․․․ այսինքն` ՀԺ-ն այսօր այնքան լավ է աշխատում, որ գովազդներից ֆինանսավորումը 10-յակ անգամ ավելանո՞ւմ է․․․
Մի խոսքով՝ մեդիա դաշտի կաշառված լինել-չլինելուց խոսելիս, լավ կլիներ, որ Մարիամը հիշատակեր նաև իր ընտանիքին պատկանող լրատվամիջոցի մասին․․․