Վենետիկի հանձնաժողովը խիստ մտահոգիչ է համարել ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը
Վենետիկի հանձնաժողովը խիստ մտահոգիչ է համարել ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին ասվում է հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի տարածած հայտարարությունում։
«Ժողովրդավարական երկրում պետական բոլոր հաստատությունները և պաշտոնյաները պետք է հարգեն իրենց սեփական իրավասությունները, պարտավորությունները և լիազորությունները, ինչպես նաև ճանաչեն և հարգեն մյուս հաստատություններինը:
Նրանք պետք է ցուցաբերեն պատշաճ ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճորեն հետևեն համապատասխան ընթացակարգերին և հարգանք ցուցաբերեն միմյանց նկատմամբ:
Եթե սա տեղի չի ունենում, եթե չկա ժողովրդավարական մշակույթ և հասունություն, պետական հաստատությունների գործառույթները խաթարված են և վտանգված է հասարակության ժողովրդավարական, քաղաքացիական և տնտեսական առաջընթացը:
Կոչ եմ անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն՝ այս մտահոգիչ իրավիճակը լիցքաթափելու և Հայաստանի Սահմանադրության բնականոն գործողությունը վերահաստատելու համար»,- գրել է Բուքիքիոն։