Ի՞նչ կաներ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը, եթե լիներ այժմյան ԱԺ-ում
Ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ընդդիմադիր պատգամավոր էր, ԱԺ ամբիոնից հուր ու կայծակ էր տեղում հանրապետականների գլխին, երբ բարձրացվում էին այն ժամանակվա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատավարձերը։
Պահպանված տեսանյութերից ու մամուլում հրապարակված նյութերից երևում են, թե ինչպես է նա քննադատում այդ քայլը, մեղադրում նրանց Հայաստանը կործանելու, աղքատությունը ավելացնելու ու էլի հազար ու մի մեղքերի մեջ։
Որևէ մեկս չենք ասում, թե Սերժ Սարգսյանի վարչակազմը սուրբ է եղել։ Ամենևին։ Հարցն այլ է, որ ընդամենը մի քանի տարի անց, արդեն իշխանություն դարձած Նիկոլ Փաշինյանը նույն բանն է անում, ինչ ժամանակին նախկին ռեժիմի ներկայացուցիչները, որոնց նա մերժեց մեկ ու կես տարի առաջ։
Զարմանալի է, որ այն ժամանակ այդ օրերի իշխանություններին ամեն տեսակի հանցանքներում մեղադրող Փաշինյանը հիմա ոչ միայն նույնն է անում ինչ նախկինները, այլ նաև անում է գաղտնի կերպով, մի բան, որ արարքի բացասական ընկալումն ավելի է խստացնում։ Եթե Սերժ Սարգսյանն օրինակ գաղտնի աշխատավարձ բարձրացներ, կարելի էր հասկանալ, կասեինք լեգիտիմության պակասորդ ունի, ինչ ենք ուզում, ումից։ Սակայն լեգիտիմ, ժողովրդի վստահությունը վայելով վարչապետի կողմից գաղտնի հանձնարարականով աշխատավարձ բարձրացնելը մի տեսակ ամոթ է։ Ու ակամա կարելի է հարցնել Փաշինյանին․ ինչ կաներ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը, եթե իմանար որ վարչապետ Փաշինյանը գաղտնի կերպով աշխատավարձն է բարձրացնում առանց այն էլ ապահովված բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների։
Յակոբ Բերգեր