Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի Մ-20 առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել
Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր պայքար են դուրս եկել մինչև 20 տարեկան ծանրորդները: Տղամարդկանց 81 կգ քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ Կարեն Մարգարյանը և Ռաֆիկ Հարությունյանը:
Պոկում վարժությունում Կարեն Մարգարյանը, գրանցելով 151 կգ արդյունք, փոքր բրոնզե մեդալ նվաճեց, իսկ Ռաֆիկ Հարությունյանը 150 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Հրում վարժությունում Մարգարյանը գրանցեց 184 կգ արդյունքը և երկամարտի 335 կգ-ով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Ռաֆիկ Հարությունյանն այս վարժությունում իրեն ենթարկեց 190 կգ ծանրաձողը. նա նվաճեց փոքր արծաթե մեդալ և երկամարտի 340 կգ արդյունքով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: