Լենա Նազարյանը, Վարազդատ Կարապետյանն ու այլ պատգամավորներ հանդիպել են Ամուլսարի ճանապարհը փակողների հետ
Լենա Նազարյանը երեկ ԱԺ մի խումբ պատգամավորների հետ հանդիպել է Ամուլսար տանող ճանապարհները փակած քաղաքացիների հետ։
Այս առնչությամբ, նա Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ հանդիպել ենք Ամուլսար տանող ճանապարհները փակած Ջերմուկ, Գնդևազ, Կեչուտ համայնքների մի խումբ բնակիչների հետ։ Ինձ համար շատ կարևոր էր այդ խոսակցությունը։
Մարդկանց հետ ուղիղ խոսելն անփոխարինելի է նրանց բարձրաձայնած խնդիրների մասին պատկերացում կազմելու համար»:
Պատգամավոր Մերի Գալստյանն իր հերթին նշել է, որ իրենք քննարկել են ստեղծված իրավիճակը, Կառավարության կողմից իրականացված և ձեռնարկվող քայլերը, մտքեր են փոխանակել լուծման հնարավոր ուղղությունների վերաբերյալ, տեղեկացել են բնակիչների բարձրացրած հարցերի, խնդիրների և մտահոգությունների մասին, որոնք կքննարկեն գործադիրի մեր գործընկերների հետ: Նա շեշտել է, որ հանդիպումները շարունակական են լինելու: