Ադրբեջանում բավական խորը շարժումներ են սկսվում
Ադրբեջանում բավական հետաքրքիր տենդենց է սկսվել։ Իլհամ Ալիևը նախ փոխել է վարչապետ Նովրուզ Մամեդովին, նրա փոխարեն նշանակելով Ալի Ասադովին, որը հատկապես հայտնի դարձավ Ալիևի ներկայությամբ իր վախվորած կիսախոնարհված լուսանկարով։ Ապա արդեն պաշտոնանկ են արվել երկու փոխվարչապետները։
Արդեն այսօր հրապարակվել է ցանկ, որտեղ ներառված են ադրբեջանական գործող իշխանության կազմում այն բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք արդեն 70 տարեկանը բոլորել են։ Կարելի է կռահել, որ թոշակի կուղարկվեն նաև նրանք։
Հասկանալի է, որ ներքին խմորումների ու դժգոհությունների ֆոնին Իլհամ Ալիևը գնացել է հին ու փորձված մեթոդի՝ թարմացնում է կառավարության կազմը, փորձում է գտնել նոր դեմքեր իր կադրային բազայում, առաջ քաշել նրանց։ Վերջին մեկ-երկու շաբաթների ընթացքում նաև պարզ դարձավ, որ Ադրբեջանում բավական խորը շարժումներ են սկսվում, որոնք ունեն և իրավապաշտպան և սոցիալ-տնտեսական և քաղաքական բնույթ։ Ու անկախ այն հանգամանքից, թե պաշտոնական լրահոսում ինչպես են այդ ամենը փորձում աղավաղված ներկայացնել, օրինակ մատուցելով, որ Ալի Քերիմլին իբրև թե ինքնավնասում է իրականացրել, ապա վնասել այլ մարդկանց, միևնույնն է, հասկանալի է, որ նման իրավիճակում Ալիևների միապետությանը երկար չի մնացել, եթե ինչ-որ լուրջ փոփոխություններ չարվեն։
Սա թերևս հասկանում է նաև Իլհամ Ալիևը և փորձում է ինչ որ կոմպրոմիսային տարբերակներում լիցքաթափել հասարակությանը։ Թիրախում, հասկանալի է «հին գվարդիան» է, մարդիկ, որոնք ճանապարհ են անցել նույնիսկ իր հոր՝ Հեյդար Ալիևի հետ։ Չի բացառվում նաև, որ կլանային վերադասավորում է ընթանում։ Սակայն եթե այդ վարկածին նայենք, ապա «հին գվարդիայի» հեռացումը կամ երկրորդ պլան մղումը կթուլացնի բուն Ալիևի դիրքերը ու առաջ կմղի Փաշաևներին, ինչը կարող է մի գեղեցիկ օր բերել Իլհամ Ալիևի հեռանալուն և Մեհրիբան Ալիևայի՝ երկրի ղեկը իր ձեռքը վերցնելուն, հատկապես, երբ նա արդեն առաջին փոխնախագահն է Ադրբեջանի։
Այս սցենարի դեպքում նա հանգիստ կարող է դառնալ ռեգենտուհի, ինչև կրտսեր Հեյդարի՝ իշխանության գալու պատրաստ լինելը։
Յակոբ Բերգեր