Իրավական «բեսպրիդել» է․ քաղաքագետը՝ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանի դիտարկմամբ, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությունը մի քանի նպատակ է հետապնդում:
«Այս ձերբակալությունն առաջինը՝ ոչ միայն իրավական «բեսպրիդելի» արտահայտում է, այլ այդ «բեսպրիդելի» ցուցադրությունն է բոլորին, որ հասկանան՝ բոլորին ցանկացած պահին, ցանկացած հանգամանքների դեպքում կարելի է գտնել ինչ-որ հոդվածների համադրություն, ըստ որի՝ նրանց կարելի է ձերբակալել»,- այս մասին նա ասաց լրագրողների հետ հանդիպմանը։
Դա մի կողմից, մյուս կողմից էլ, ըստ քաղաքագետի, Արսեն Բաբայանի ձերբակալությունը լրացուցիչ ճնշում է Հրայր Թովմասյանի նկատմամբ, որպեսզի նա վերջապես հրաժարվի ՍԴ-ի նախագահի իր պաշտոնից։
Ի վերջո, Աղասի Ենոքյանի գնահատմամբ, կա նաև երրորդ պատճառ, որը նա ասոցացնում է խոսքի ազատության նկատմամբ ճնշման հետ։
«Սա խոսքի ազատության նկատմամբ ճնշում է, որովհետև պարոն Բաբայանը ակտիվ հասարակական դիրքորոշում ուներ և շատ հաճախ էր քննադատական խոսքերով հանդես գալիս»,- ասաց նա՝ հավելելով, որ այս գործում տեսնում է կամայականություն: Ըստ նրա, ձերբակալությունները տեղի են ունենում միայն քաղաքական կամքով։
Այս տրամաբանության մեջ Աղասի Ենոքյանը հիշեցրեց Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում չկա այնպիսի մի մարդ, ում նկատմամբ հնարավոր չլինի իրավական միջոցներով քրեական գործեր հարուցել:
«Այստեղ խնդիրը ո՛չ ՍԴ-ին է վերաբերում, ո՛չ հեղափոխությանը, այստեղ խնդիրն այն է, որ պետությունը վերանում է: Եթե պետության մեջ վերանում է արդարադատությունը, ապա պետությունը վերափոխվում է մի այլ բանի: Չգիտեմ՝ արդեն պետությո՞ւն է, թե՞ բռնապետություն»,- ասաց նա՝ հավելելով, որ իշխանությունները Ռոբերտ Քոչարյանին են ցանկանում ազատազրկել, ինչի համար անհրաժեշտ է՝ ՍԴ նախագահը հրաժարական տա:
«Այդ հրաժարականի համար գնալու են ձերբակալությունների շարքերը»,- ասաց Աղասի Ենոքյանը՝ կոչ անելով բոլորին՝ քաղաքացիներին և մամուլի ներկայացուցիչներին, ուշադիր հետևել իրավական գործընթացների զարգացմանը: