Նարեկ Մութաֆյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց
Նարեկ Մութաֆյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ նրա պաշտպանների բողոքի քննությունը հետաձգվեց: Այդ մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարնի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Մութաֆյանի պաշտպան Վահե Եփրիկյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ դատը կշարունակվի հոկտեմբերի 23–ին, ժամը 14։00–ին։
Հիշեցնենք, որ Նարեկ Մութաֆյանը կալանավորվել է սեպտեմբերի 29-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։ Դրանից 2 օր առաջ, սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանն, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել երիտասարդներ, որոնց թվում՝ Նարեկ Մութաֆյանը: Վերջինս մասնակցում էր Շենգավիթի դատարանի դիմաց ի պաշտպանության Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիաներին: Մութաֆյանը, ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»: