Շատ պարզ ու պրիմիտիվ են գործում, ուղղակի ամոթ է. Լևոն Քոչարյանը եկել էր աջակցելու Ն. Մութաֆյանին ու Ս. Օհանջանյանին (վիդեո)
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմաց հավաքվել են տասնյակ քաղաքացիներ, ովքեր պահանջում են ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին` Նարեկ Մութաֆյանին և Սարգիս Օհանջանյանին:
Քոչարյանի աջակիցների հետ է նաև նրա որդին` Լևոն Քոչարյանը, ով եկել է իր աջակցությունը հայտնելու տղաներին: Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց, որ ակնհայտ ճնշում է գործադրվում ու քաղաքական հետապնդում է իրականացվում:
Նա տղաների գործելաոճում հանցանշան չի տեսնում և նկատում է, որ դա զուտ հետապնդում է: Լևոն Քոչարյանի խոսքով՝ նույն իրավիճակն է նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեպքում:
«Ուղղակի ժամանակացույցը նայեք, երբ սկսվեց Հրայր Թովմասյանի ու նրա ընտանիքի նկատմամբ հետապնդումը»,- ասում է Լևոն Քոչարյանն ու հավելում. «Շատ պարզ ու պրիմիտիվ են գործում, ուղղակի ամոթ է»:
Հիշեցնենք, որ Նարեկ Մութաֆյանը կալանավորվել է սեպտեմբերի 29-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։ Դրանից 2 օր առաջ, սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանն, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել երիտասարդներ, որոնց թվում՝ Նարեկ Մութաֆյանը: Վերջինս մասնակցում էր Շենգավիթի դատարանի դիմաց ի պաշտպանության Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիաներին: Մութաֆյանը, ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:
Մանրամասները` տեսանյութում: