Վարչապետի պաշտոնական կայքը կոտրելու մասով ԱԳ նախարարությունը ասելիք չունի՞
Վերջին շրջանում Հայաստանում չկա շաբաթ, որ առաջատար կամ ինովացիոն տեխնոլոգիաների մասին որևէ ֆորում, որևէ միջոցառում, համաժողով տեղի չունենա։ Խոսում են, քննարկում, հայտարարում, որ այն պետության համար գերակա ճյուղ է, ռազմավարական նշանակություն ունեցող, մի խոսքով տնտեսության ողնաշարի մաս կազմող։
Ճակատագրի հեգնանքով թե ոչ, սակայն այս ողջ պաթոսի ֆոնին երեկ կոտրել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքը։ Կոտրող ցանցահենները ադրբեջանցիներ են եղել, որոնք հրապարակել են վարչապետի կայքում «Վալդայ-2019»-ում ունեցած ելույթը, որտեղ նա ասել էր, որ «Ղարաբաղը Ադրբեջան է, ու բացականչական նշան»։
Ըստ մասնագետների երկու ժամ շարունակ այդ հրապարակումը մնաց Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում։ Այս արարքից հետո հարց է առաջանում․ իսկ ու՞մ է պետք իշխանությունների, իշխանամերձ շրջանակների որոտընդոստ հայտարարությունները կապված Հայաստանը Կովկասի սիլիկոնային հովիտ դարձնելու հետ, երբ պետության ղեկավարի պաշտոնական կայքի վրա ցանցահենային հարձակում է արվում, կոտրվում է կայքը ու երկու ժամ է պահանջվում այն վերականգնելու համար։
Առհասարակ, այդ հարձակման հետ կապված արդյո՞ք ԱԳ նախարարությունը ասելիք չունի, քանի որ հարձակման արդյունքում տարածվել է մի կոնտենտ, որը չի նպաստում Ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացի առաջընթացին։ Ժամանակին ասում էինք, որ Էդվարդ Նալբանդյանը կարող է օգոստոսի 23-ին շնորհավորել կանանց Մարտի 8-ի առիթիվ, հիմա արդյո՞ք նույնը Զոհրաբ Մնացականյանին ասելու ժամանակը չէ արդեն։
Յակոբ Բերգեր