Հայաստանը ճիշտ ուղու վրա է. ԱՄՀ ներկայացուցիչ
Տնտեսական բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանը ճիշտ ուղու վրա է, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի ներկայացուցիչը,- հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Հիմնադրամի Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրի խոսքով, «Թավշյա հեղափոխությունից» ի վեր երկրի նոր կառավարությունը կարեւոր առաջընթաց է արձանագրել. «Հայաստանում առաջընթացը ճիշտ ուղու վրա է եւ մենք կոչ ենք անում կառավարությանը շարունակել բարեփոխումները, որոնք թույլ կտան երկրի տնտեսությանը լինել ավելի արդյունավետ եւ նոր ներդրումներ գրավել: Հայաստանն այսօր մի երկիր է, որն ունի լուրջ ներուժ եւ կարող է կարեւոր դեր խաղալ տարածաշրջանային եւ միջազգային առումով»:
Մասնավորապես, խոսքը գնում է կոռուպցիայի դեմ պայքարի, հարկային եւ ֆինանսատնտեսական ոլորտի բարեփոխումների մասին, նշում է Ազուրը: Վաշինգտոնում Համաշրարհային Բանկի եւ Արժույթի Միջազգային Հիմնադրամի ամենամյա համաժողովին մասնակցող Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով, Հայաստանը կարեւորում է ֆինանսական հսկայական կառույցների հետ համագործակցությունը, որը բխում է առաջին հերթին հենց Հայաստանի կառավարության ծրագրերից: Անդրադառնալով 2019-2021 թթ. Հայաստանում 5-տոկոսանոց տնտեսական աճի վերաբերյալ Համաշխարհային Բանկի կանխատեսումներին՝ փոխվարչապետը նշեց, որ երկրի իշխանությունները հիմնական շեշտը դնում են տնտեսական աճի ուղղակի ազդեցությանը քաղաքացիների կյանքի բարելավման վրա։