Հայաստանցու համար ավիատոմսի գնից առաջնահերթ՝ վիզա ստանալն է խնդիրը
Արդեն մի քանի օր է իշխանական ու իշխանամերձ շրջանակները անասելի բուռն ուրախությամբ հայտարարում են ի լուր աշխարհի, որ RyanAir-ը գալիս է Հայաստան ու Երևանից Հռոմ կարելի է գնալ նույնիսկ 100 դոլար չծախսելով։
Զոմբիների զանգվածն էլ ծափ է տալիս ու ուրախանում, մեծ հաշվով չհասկանալով, թե խոսքն ինչի մասին է։ Սակայն, նախ՝ պարզվեց, որ այդ էժան ավիատոմսն այնքան էլ էժան չէ, քանի որ ամեն ուղևորի համար պետական բյուջեից 76 դոլար վճարվելու է, այսինքն պետությունը սուբսիդավորելու է ու հատկացվել է մոտ 5 միլիոն դոլար օդանավակայանին՝ վճարումները չգանձելու դիմաց սուբսիդավորում իրականացնելու համար և երկրորդ, շարքային հայաստանցու համար, ավիատոմսից ավելի կարևոր է նախ վիզա ստանալը։
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ դեսպանատներում դա չափազանց բարդ ու ձգձգվող գործընթաց է, եթե դու «յուրային» չես, ու հաճախ կարող ես հայտնվել որոշ դեսպանատների ու վիզային աջակցման կենտրոնների՝ լավ կազմակերպված բիզնես թնջուկի մեջ ու նույնիսկ եթե չմերժվես էլ, մի քանի անգամ ավելի թանկ ես վճարելու։
Այս համատեքստում արդեն անհասկանալի է ուրախությունը, որը հատկապես ապրում են շարքային զոմբիները, քանի որ պաշտոնյաների կամ ՀԿ-ականների համար դեռ հասկանալի է, ունեն որոշակի առավելություններ։ Ու բացի այդ, ով է ասել, որ RyanAir-ը «լոուքոսթեր» է, եթե պետական սուբսիդավորում է ստանալու։ «Լոուքոսթեր» է Wizz Air-ը, որն օրինակ՝ Վրաստանից դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելիս սուբսիդավորում չի պահանջում վրացիներից։
Յակոբ Բերգեր