Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված ոստիկանը պարգևատրվել է Արիության մեդալով
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված ոստիկանության ծառայող Տիգրան Առաքելյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Արամի Առաքելյանին հետմահու պարգևատրել Արիության մեդալով»,- ասված է հրամանագրում: