Փաշինյանն է թույլ տվել ԼԳԲՏ-ի քարոզը․ բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց (տեսանյութ)
Մենք ո՛չ թե ԼԳԲՏ-ի դեմ ենք, հանկարծ մեզ սխալ ոչ ոք չհասկանա, այլ Հայաստանում ԼԳԲՏ-ի քարոզ իրականացնելու դեմ։
Այս մասին կառավարության դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց ակտիվիստ Նարեկ Սարգսյանը, ով վերջերս հենց նույն կառավարության դիմաց հանդիպել էր տրանսգենդերների, ովքեր նրան հարվածել էին շշով։
Նարեկ Սարգսյանը եկել էր «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանի և այդ կազմակերպության մի շարք անդամների հետ։ Նարեկ Սարգսյանը նաև մանրամասնեց, թե ինչպես է հանդիպել տրանսգենդերներին։
«Երբ տաքսիով անցնում էի, տեսա նրանց և մտածեցի, թե սովորական աղջիկներ են, ուզեցի նրանց սաստեմ։ Մոտեցա իրենց ու հասկացա, որ տրանսգենդերի եմ մոտենում։ Նախկինները թույլ չէին տա, որ տրանսգենդերը գար հրապարակում մարմնավաճառությամբ զբաղվեր։ Եթե ինչ-որ մեկը չի միանում այս քարոզին, ուրեմն աջակցում է դրան։ Մենք չենք պայքարում ԼԳԲՏ անձանց դեմ, իրենց հիվանդ եմ համարում և հիվանդների դեմ մենք չենք պայքարում։ Մենք չենք պատրաստվում ծեծել կամ ուժ կիրառել, քանի որ դրանց ուզածն էլ հենց դա է։ Նրանց ուզածն է, որ իրենց ծեծենք, Հայաստանը խայտառակ լինի Եվրոպայի առաջ, ու գլուխը կախ ստիպված ընդունի Ստմաբուլյան կոնվենցիան։ Ես Ստամբուլյան կոնվենցիայի առաջ այդ կարմիր գորգը չեմ փռելու»։
Անդրադառնալով կարծիքներին, թե նախկինում էլ Հայաստանում կային տրանսգենդերներ և այն ժամանակ չկար պայքար, Մարինա Խաչատրյանն ու Նարեկ Սարգսյանը հակադարձեցին՝ այն ժամանակ բացահայտ քարոզ չէր իրականացվում։
«Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա այս քարոզի համար, ինքն է պատասխանատու, ինքն է թույլ տվել, որ այս համայնքն ու խմբակները ներմուծվեն Հայաստան, բավականին ակտիվ և ընդլայնված գործողություններ իրականացնեն մեր երկրում։ Միասեռականներ նախկինում էլ են եղել, բայց քարոզ չի եղել»,- ասաց Մարինա Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում