«Նույն ջուրն ա, նույն ջրաղացը, սայլը տեղից չի շարժվել». որդուն կորցրած կնոջ հույսը Փաշինյանի հետ հանդիպումն է (տեսանյութ)
Սյունիքի մարզի Կապան համայնքից Երևան եկած Էմմա Հարությունյանը՝ 8 տարի առաջ անհետ կորած 30-ամյա Արա Խաչատրյանի մայրն է:
Կինը պատմում է, որ 2011 թվականի հունիսի 2-ին տղային իր աչքի առաջ ընկերները վերցրել են տարել, բայց այսօր պատկան մարմինները հայտարարում են, թե իբր տղան անհայտ կորած է: Էմմա Հարությունյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում ավելի վաղ ևս ասել էր, որ իր որդուն առևանգել են ու գործը կոծկել:
Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել է այն ժամանակ, երբ նա դեռ պատգամավոր էր, ու դրանից հետո, երբ նոր էր վարչապետ դարձել, սակայն խոստումներից այն կողմ գործը առաջ չի գնացել: Ու հիմա, տիկին Էմման ուզում է հավատալ, որ պարզապես Փաշինյանին ճիշտ չեն զեկուցում, ու նա իրականում չգիտի, որ իր գործը տեղում դոփում է:
Նա կառավարության դիմաց նույնիսկ փորձել է մի անգամ ինքնասպան լինել, սակայն ոստիկաները փրկել են կնոջ կյանքը:
«Ես ոչ ոք չունեմ, ու միայն Փաշինյանի միջամտությունն եմ խնդրում»,- մեզ հետ զրույցում ասաց կինն ու հավելեց. «Ներկա պահին ինձ համար հեղափոխություն չի եղել, նույն ջուրն ա, նույն ջրաղացը, սայլը տեղից չի շարժվել»:
Այստեղ էր նաև Անի Զախարյանը, ով հեղափոխության կոչ էր անում: Էմմա Հարությունյանը փորձում էր լռեցնել Անի Զախարյանին:
Մանրամասները՝ տեսանյութում