Բավականին լուրջ արտակարգ իրավիճակ ունենք Սյունիքում. Փաշինյանն ուզում էր նիստը սկսել լավ լուրով, բայց չստացվեց (տեսանյութ)
ՀՀ կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուզում էր նիստը սկսել հաճելի լուրով, սակայն բավականին լուրջ արտակարգ իրավիճակ է Սյունիքի մարզում՝ պոչամբարի աղտոտված ջրերը հոսել են դեպի Ողջի գետ:
Նա հարցրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին և Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին, թե ինչ տեղեկություններ ունեն այս մասով:
Պապիկյանը նշեց, որ առավոտյան ժամը 9-ին զանգ է ստացել մարզպետ Հունան Պողոսյանից և տեղեկացել այն մասին, որ Ողջի գետի գույնը փոխված է՝ դարձել է դարչնագույն: Մարզում առկա բոլոր միջոցները մոբիլիզացվել են՝ տեղում հասկանալու համար խնդիրը: Նա չկարողացավ հստակ պատասխանել, թե դա որ ընկերության պոչամբարն է, բայց ասաց, որ հավանաբար կարող է լինել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատինը:
Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ տեղանքից վերցվել են փորձանմուշներ և ուժային կառույցների ներկայցուցիչներն էլ այնտեղ են:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ նշեց, որ այս պահին քննչական գործողություններ են իրականացվում, մասնագետները դեպքի վայրի զննություն են իրականացնում:
Մանրամասները տեսանյութում