Շների սպանդ Բյուրեղավանում․ hամայնքապետարանում տեղյակ չէին այս մասին (լուսանկարներ)
Արդեն մի քանի օր է, ինչ կենդանասերները համացանցում ակտիվորեն քննարկում են Բյուրեղավանում արված այն լուսանկարները, որոնցում երևում են հրազենով սպանված շները։ Այս ամենին գումարվեց նաև Բյուրեղավանի մի քանի բնակիչների հեռախոսազանգը NEWSPRESS.am-ի խմբագրություն, ովքեր նշում էին, որ մի քանի օր է, ինչ Բյուրեղավանում կրակում են թափառող շներին։
Բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց շենքի տարածքում թափառող շներ շատ կային, սակայն վերջին օրերին այդ շները գրեթե չեն երևում։
NEWSPRESS.am-ը կապ հաստատեց Բյուրեղավանի համայնքապետարանի լրատվության բաժին, որտեղ աշխատակիցը նշեց, որ համայնքապետարանում տեղյակ չեն, որ Բյուրեղավանում այդպիսի դեպք է եղել։ Նա ընդգծեց նաև, որ բնակիչները շատ են զանգահարել իրենց ու ասել, որ թափառող շներին վերացնեն, սակայն համայնքապետարանը նշել է, որ այդպես չի կարելի անել: Արդյունքում ամիսներ առաջ համայնքապետարանը համագործակցել է DINGO ընկերության հետ, որը սկսել է կենդանիների ստերջացման ու խնամքի աշխատանքները։
Այս զրույցից րոպեներ անց մեզ հետ կապ հաստատեց համայնքապետարանի մի աշխատակից, ով զբաղվում է հենց կենդանիների հարցերով ու նշեց, որ ինքն անձամբ է տեսել հրազենով սպանված կենդանիներից մեկին, դրա մասին զրուցել է անգամ DINGO թիմի աշխատակիցներից մեկի հետ, սակայն համայնքապետարանում ևս չգիտեն, թե ովքեր են կանգնած այդ ամենի հետևում։
Համայնքապետարանի աշխատակիցը նշեց նաև, որ սպանված կենդանիները Նուռնուս գյուղ տանող ճանապարհի մոտ են և այդտեղ «ովքեր ասես» որ չէին կարող դա անել։ Համայնքապետարանի մամուլի ծառայության աշխատակիցը նշեց, որ համայնքապետարանում տեղյակ չեն այդ մասին, սակայն իրականում ոչ միայն տեղյակ չէին այդ դեպքի մասին, այլև DINGO թիմի աշխատակիցներից Գոհար Չալյանը, ով անձամբ է զբաղվում հենց Բյուրեղավանի շների ստերջացմամբ, նշեց, որ դեպքն ի հայտ գալուց անմիջապես հետո ինքն անձամբ է կապ հաստատել համայնքապետարանի համապատասխան հարցերով աշխատակցի հետ ու քննարկել այս հարցը։
Ստացվում է, որ Բյուրեղավանի համայնքապետարանում աշխատակիցները չեն տիրապետում համայնքում տիրող ինֆորմացիային, հակառակ դեպքում այս հարցի շուրջ երկու կարծիք լինել չէր կարող։ Մյուս կողմից պիտի ընդծենք, որ Բյուրեղավանի բնակիչների հետ զրույցում պարզ դարձավ, որ համայնքում շատ են բնակիչները, ովքեր կողմ են թափառող շների վերացմանը։ Ընդգծենք, որ համայնքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ կանեն հնարավոր ամեն ինչ` այս սպանդը իրականացնողներին պարզելու համար։