Ինչու՞ է Երևանը Բաքվին լուրջ հաղթաթուղթ տալիս
Արդեն հասկանալի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է ակտիվորեն առաջ մղել իր՝ «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսը և այն դարձնել իրականություն, գոնե իր համար, չհասկանալով սակայն, որ այդ կարգախոսի կյանքի կոչումն իրականում ամենամեծ վատությունը կարող է լինել, որը ինքը կարող էր անել Հայաստանին։
Նախ, եթե իրոք նա սկսում է քաղաքական կուրս Արցախը այսպես ասենք «հայաստանացնելու», ապա նա արդյո՞ք իրեն հաշիվ տալիս է, թե ինչ հետևանքներ կարող է դա ունենալ։ Առաջին հերթին, այդ կերպ նա հայտարարում է, որ Հայաստանը դե ֆակտո «ագրեսոր» պետություն է, քանի որ պահպանելով որոշակի հեռավորություն և մնալով սոսկ Արցախի հայության շահերը ներկայացնողի դերում, Երևանը իրեն այդ կերպ ապահովագրում էր Բաքվի կողմից պնդվող այն թեզից, որ սա Հայաստանի և Ադրբեջանի «կռիվն» է։ Իսկ այս կերպ, արդեն Բաքվին հաղթաթուղթ է տրվում Հայաստանը «ագրեսոր» ներկայացնելու։
Իսկ եթե Բաքվին հաջողվի միջազգային հանրությանը համոզել, որ իրոք «Հայաստանը ոտնձգություն է կատարել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հանդեպ», ապա դրանից բխող քաղաքական հետևանքները, որոնք կարող են օրինակ արտահայտվել Երևանի հանդեպ ամենատարբեր սանկցիաներով, ինչպե՞ս է պատրաստվում հաղթահարել Փաշինյանը՝ Հայաստանի «կիսամեռ» տնտեսությամբ։
Նույնիսկ ռուսական տնտեսությունը դժվարությամբ է հաղթահարում սանկցիաները, ուր մնաց, թե հայաստանյան էկոնոմիկան։ Բացի այդ, իսկ եթե Բաքուն սահմանի ողջ երկարությամբ սկսի ռազմական գործողություն՝ հանուն իր տարածքային ամբողջականության վերականգնման, ապա ի՞նչ է անելու Նիկոլ Փաշինյանը։ Ու՞մ վրա է հույս դրել։
ՀԱՊԿ-ի արձագանքի վրա այդքան վստա՞հ է, կամ ռուսների արձագանքի։ Արդյո՞ք սա չի նշանակի Հայաստանի վերջնական ու անշրջելի կործանում։ Արցախի և Հայաստանի որպես առանձին սուբյեկտներ լինելը, ընդհանուր Հայրենիքի սահմաններում, լուրջ խաղաքարտ է, որը հակակշիռների բալանսավորման մեթոդով կկարողանա Երևանին աշխարհաքաղաքական նման բարդ վիճակում մանևրելու հնարավորություն տալ։ Այս ամբողջը Փաշինյանը կամ չի հասկանում, կամ չի ուզում հասկանալ, կամ էլ՝ այլ ելք չունի։
Յակոբ Բերգեր