Ցեղասպանության թեմայով Էրդողանի հայտարարությունները մեկնաբանության արժանի չեն. ԱԳՆ
Ցեղասպանության թեմայով Թուրքիայի նախագահի հայտարարությունները մեկնաբանության արժանի չեն: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան երբեք խաղաղ բնակչության կոտորած չի իրականացրել և չի իրականացնի:
«Այն բանից հետո, երբ այս տարվա ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահը փորձեց արդարացնել հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունն իր պատմական հայրենիքում, այդ թեմայով նրա որեւէ հայտարարություն մեկնաբանության արժանի չէ»,- նշել է Աննա Նաղդալյանը:
Պատասխանելով Զանգեզուրի և տարածքային պահանջների վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների մասին հարցին, ԱԳՆ մամուլի քարտուղարը նշել է, որ թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի նիստում Ադրբեջանի նախագահը կրկնել է Հայաստանի նկատմամբ իր պահանջները՝ դրանք ուղեկցելով իր պանթուրքական ակցենտներով:
«Տարածքային անվտանգության մասին Ադրբեջանի և Թուրքիայի աղավաղված ընկալումները հակասում են հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ու նպաստում տարածաշրջանի և դրա սահմանից դուրս ապակայունացմանը: Դա ևս մեկ անգամ նշում է մեզ համար տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության ապահովման առաջնահերթությունը»,- հավելել է Նաղդալյանը: