Կրակոցներ Երևանում. ծառայողական պարտականությունները կատարելիս սպանվել է 1 ոստիկան, մյուսը՝ ծեծի է ենթարկվել (ֆոտո)
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնության կայանից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, եւս մեկ հոգու էլ ծեծված վիճակում:
Shamshyan.com-ի տեղեկություններով մահացածին եւ վիրավորին հիվանդանոց են տեղափոխել Ազատության եւ Բաբայան փողոցների խաչմերուկից։ Վերջիններս ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներ են, և իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հարձակման են ենթարկվել՝ երկու քաղաքացու կողմից։ Նրանցից մեկն ատրճանակով կրակոց է արձակել ոստիկանության ծառայողներից մեկի վրա, իսկ մյուսին էլ ծեծի են ենթարկել, այնուհետեւ դիմել են փախուստի:
Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 հատ գնդակ, 1 հատ պարկուճ, եւ արնանման հետքեր:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ, հանցագործությունը բացահայտելու, կատարողներին եւ հանցագործության գործք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։